Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Գեղեցկության ձմեռային ծրագիր

Գեղեցկության ձմեռային ծրագիր

Պաշտպանել և խոնավացնել. Մաշկը պաշտպանելու գործում սա է Ձեր սրբազան պարտքը: Իսկ եթե որևէ մեկը կարծում է, թե այդ գործում գլխավոր օգնականները ջուրն ու ճարպն են, խորապես սխալվում է…

 

Բնական է այն ընկալումը, որ ջրաճարպային թաղանթը մաշկի կենսաբանական պաշտպանական վահանն է և թույլ չի տալիս, որպեսզի խոնավությունը մաշկից արագ գոլորշիանա, իսկ տարբեր միկրոօրգանիզմներն ու այլ վնասարարներ ներթափանցեն մաշկի մեջ:

 

Ցավոք, նույնիսկ ինքնապաշտպանական նման իդեալական համակարգը երբեմն հրաժարվում է ծառայել, օրինակ` փետրվարին, որն ամենանենգ ամիսն է մաշկի համար: Ո°չ ձմեռ է, ո°չ գարուն: Փետրվարյան խիստ սառնամանիքներին հաջորդում են սառը քամիները, որոնք խոնավության հետ միանալով` բնավ չեն լավացնում ջրաճարպային թաղանթի պաշտպանական հատկությունները: Արդյունքում մաշկը խոնավության հսկայական կորուստներ է ունենում ու դառնում խոցելի` փոշու, մանրէների, արտանետվող գազերի և գիտատեխնիկական առաջընթացի այլ աղետալի երևույթների հանդեպ:

 

Ի՞ՆՉ ԱՆԵԼ


Դեռևս 20 տարի առաջ ձեզ կհորդորեին լվացվել ջրով, հրաժարվել խոնավացնող միջոցներից և օգտագործել թանձր, յուղային (այսինքն` ձմեռային) դիմամածուկ:

 

ՍԽԱԼՄՈՒՆՔ ԹԻՎ 1
Առօրյա կյանքում օգտագործվող ջուրը, որքան էլ անտրամաբանական թվա, չորացնում է մաշկն ու այն դարձնում ավելի խոցելի: Այլ բան է հեղուկացրի օգնությամբ սփռված ջուրը, որը թափանցելով վերնամաշկից ներս` հասնում է մաշկի խորը շերտերին և կարգավորում խոնավությունը:

 

ՍԽԱԼՄՈՒՆՔ ԹԻՎ 2
Ճարպի մեծ պարունակությամբ մածուկը կիրառելի է միայն ձմեռային երկար զբոսանքների ժամանակ, երբ ջերմաստիճանի իջեցումը շեշտակիորեն վնասում է մաշկը: Նման մածուկը մաշկի վրա բացասաբար է անդրադառնում նաև մշտապես փոփոխվող միկրոմիջավայրի պայմաններում` թողնելով ջերմոցային ազդեցություն և դժվարացնելով նրա օդափոխանակությունը:
Անկասկած, ձմեռային դիմամածուկի խտությունը պետք է լինի սովորականից բարձր:

 

ՍԽԱԼՄՈՒՆՔ ԹԻՎ 3
Ավագ սերնդի խոնավացնող դիմամածուկները իրոք« ''սառցակալում են'' մաշկի մակերեսին, հատկապես, եթե այն օգտագործել են դուրս գալուց անմիջապես առաջ: Բաղադրությամբ ավելի կատարելագործված դիմահարդարման միջոցները` ջրային կամ ջրաճարպային կիթերը (էմուլսիաները), խոնավության պակասը լրացնում են առանց նման վնասակար ազդեցությունների:

 

Ձմռան ամիսներին օգտագործվող լավ դիմամածուկը միայն ցրտից ու քամուց չէ, որ պետք է պաշտպանի մաշկը: Չպետք է մոռանալ ուլտրամանուշակագույն ճառագայթների և ազատ ռադիկալների մասին: Նույնիսկ ձմռանն արևի ճառագայթները ներթափանցում են վերնամաշկը և քայքայում խոնավության արտադրման պատասխանատու շարակցական հյուսվածքը: Ձմեռային դիմահարդարանք ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել պաշտպանական գործոնի վրա: Այն չպետք է լինի 10-ից ցածր: Ազատ ռադիկալները սպառնալիք են այն անձանց համար, ովքեր մեծ քաղաքները նախընտրում են գյուղական վայրերից: Գործարանների ծխարձակումները, արտազատվող գազերը, արտանետվող արդյունաբերական փոշին մաշկի մեջ բերում են անցանկալի փոփոխությունների, որի հետևանքով արձակվում են ագրեսիվ մասնիկներ` ազատ ռադիկալներ, որոնք էլ շարակցական հյուսվածքի վրա թողնում են կործանարար ազդեցություն, արգելակում վերականգնողական պրոցեսները, այսինքն` արագացնում մաշկի ծերացումը:

 

ՀԱԿԱՔԱՅՔԱՅԻՉՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԱԶԱՏ ՌԱԴԻԿԱԼՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԵՆ
«ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ»


Դիմակները գեղեցիկ և առողջ մաշկի պաշտպանության մեջ ամենաարդյունավետ զենքն են: Եթե պատրաստի դիմահարդարման միջոցներ եք գնում, ուշադրություն դարձրեք` արդյո՞ք դիմակը պարունակում է խոնավացնող նյութեր (գլիցերին և այլն) ու հակաքայքայիչներ (վիտամիններ E և C): Նրանց, ովքեր սիրում են տնային պայմաններում զբաղվել փորձարարությամբ, առաջարկում ենք ձմեռային արդյունավետ դիմակների գլխավոր հնգյակը:

 

Խոնավացնող.
1 թեյի գդալ գլիցերինը խառնել նույնքան մեղրի հետ, ավելացրել 2-3 կաթիլ վարդի յուղ: Ստացված խառնուրդը քսել մաքուր դեմքին և պարանոցին: 15 րոպե անց լվանալ սառը ջրով, ապա չչորացնելով դեմքը մինչև վերջ` քսել խոնավացնող մածուկ:

 

Վիտամինային.
1 թեյի գդալ նեխուրի թարմ մզվածքը, 1 ձվի դեղնուցը, 4-5 կաթիլ կիտրոնի հյութը խառնել, քսել դեմքին` բացառելով աչքերի շրջանը: 10-15 րոպե անց հեռացնել այն խոնավ անձեռոցիկով:

 

Թարմացնող.
Երիցուկի, լորենու, արևքուրիկի և անանուխի խիտ եփուկին (յուրաքանչյուրից 1 ճաշի գդալ` 0,5 լ ջրում) ավելացնել օսլա` մինչև թթվասերի նման զանգված ստանալը: Տաք խառնուրդը քսել դեմքին` նախապես աչքերի շուրջը քսելով յուղոտ մածուկ: Սպասել մինչև մաշկը լրիվ ձգվի, որից հետո լվանալ տաք ջրով:

 

Հանգստացնող.
Հում ձուն 10 րոպե թողնել տաք ջրի մեջ (սպիտակուցը պետք է պնդանա, իսկ դեղնուցը` ոչ): Տաք դեղնուցը խառնել 1 ճաշի գդալ տաք վարսակաձավարի եփուկին, քսել դեմքին ու պարանոցին և ծածկել տաք, խոնավ անձեռոցիկով: Լվանալ, երբ դիմակի ջերմաստիճանը հավասարվի սենյակային ջերմաստիճանին:

 

Սնուցող և երիտասարդացնող.
2 ճաշի գդալ դոնդողանյութը (ժելատինը) շոգեխաշել, ավելացնել 1-ական ճաշի գդալ սերուցք և տալկի փոշի, խառնել մինչև շիլայանման զանգված ստանալը, հետո քսել դեմքին ու պարանոցին` նախապես աչքերի տակը պատելով յուղոտ մածուկով: Վերջում լվանալ տաք ջրով:

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 1-2007 (1)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ